Ֆրանսիայի խորհրդարանում պատգամավորների ու սենատորների թիվը մեկ երրորդով պետք է կրճատել՝ կարծում է նախագահ Էմանուել Մակրոնը: Վերսալում խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին նա պատմել է՝ ինչպես է կառավարելու երկիրը: Նախագահի կարծիքով՝ պատգամավորների ու սենատորներիի թվի կրճատումը թույլ կտա ավելի արդունավետ կառավարել երկիրը:
Բարեփոխման հետևանքով ժողովրդի ընտրյալները կստանան ավելի շատ միջոցներ և համակարգային կշիռ՝ նկատել է նա: Եթե նախաձեռնությունը հավանություն ստանա, ստորին պալատում՝ Ազգային ժողովում 577-ից պատգամավորների թիվը կդառնա 385, վերին պալատում՝ Սենատում՝ 348-ից՝ 232: Իր ելույթում Էմանուել Մակրոնն ասաց, որ ցանկանում է վերջ դնել «օրենսդրական պրոլիֆերացիային» և ավելի քիչ օրենքներ ընդունել: Խորհրդարանի պալատների միջև գործակցությունը անհրաժեշտ է հեշտացնել՝ կարծում է նա: Նախագահը առաջարկել է փոխել ընտրական համակարգը՝ դարձնելով առավել համամասնական: Նա հաղորդել է, որ 2015-ի նոյեմբերից գործող արտակարգ դրությունը 2017-ի աշնանը կհանվի:
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո ինքն ու իր կուսակցությունը արմատական փոփոխությունների մանդատ ունեն: Եթե իր առաջարկած փոփոխությունները խորհրդարանի հավանությունը չստանան, Մակրոնը խոստացավ հանրաքվեի դնել: Նա նաև հայտարարեց, որ ամեն տարի կատարած աշխատանքի մասին հաշվետու է լինելու խորհրդարանին: Մակրոնը ելույթ է ունեցել Վերսալում, որ կառուցել է XVII դարում Լյուդովիկոս XIV Արև արքան: Նա առաջին նախագահը չէ, որ պատգամավորներին ու սենատորներին հավաքում է Վերսալի արքայական պալատում պաշտոնակալությունից հետո իր առաջին ելույթի համար: Այնուհանդերձ՝ նրան քննադատեցին, ընդդիմախոսները համարում են, որ նա կտրվել է ժողովրդից:
Նախընտրական արշավի ժամանակ Մակրոնը շատ էր շփվում մամուլի հետ, բայց ընտրություններից հետո նրա շփումները լրագրողների հետ կրճատվեցին: Նա չի տալու ավանդական նախագահական հարցազրույցը հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը:
Երեք կուսակցություններ, նրանց թվում` Ժան-Լյուկ Մելանշոնի ձախ արմատական «Աննվաճ Ֆրանսիան» և կոմունիստները բոյկոտեցին նախագահի ելույթը: Մելանշոնը Մակրոնին մեղադրում է Վերսալում ելույթի համար՝ համարելով, որ նա իրեն փարավոնի պես է պահում: Նրա կարծիքով՝ Ֆրանսիայում հաստատվում է «նախագահական միապետություն»: Ձախամետ «Լիբերասիոնի» հուլիսի 3-ի համարի առաջին էջում Մակրոնը պատկերված է Յուպիտերի՝ բոլոր աստվածների թագավորի տեսքով՝ ձեռքին պահած կայծակները՝ իբրև եռաժանի: Հոդվածը վերնագրված է «Մանուպիտերը Վերսալում»: «Լիբերասիոնը» գրում է, որ Վերսալի պալատում ելույթը վկայում է Մակրոնի ավտորիտարությունը: Մակրոնը նախագահական ընտրություններում հաղթեց մայիսի կեսին, հունիսին հաղթեց խորհրդարանական ընտրություններում, նրա «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը Ազգային ժողովում ստացավ 350 մանդատ 577 -ից:
ВВС
Հ.Գ. Բրիտանացիներին, իհարկե, չի հետաքրքրում Ֆրանսիայի նախագահի երկու պալատների պատգամավորներին համատեղ նիստի հրավիրելու զուտ մարդկային ու ավանդույթային նշանակությունը: Էմանուել Մակրոնը բարձր նոտա է վերցրել՝ կրճատել պատգամավորների ու սենատորների թիվը, համապատասխանաբար նրանց սպասարկող անձնակազմը, հետևաբար՝ պետական ապարատը: Դրանից հետո նրանք արդեն համեմատաբար «անտարբեր» կընդունեն նախագահի տնտեսական ծրագրերը: Մակրոնը հաղթել է և ունի իրավունք: Ֆրանսիան փոխելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ